Հայֆիլմ դիտել սերիալը online

1923 թվականին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի Պետական կինոն (Պետկինո): Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թվականին նկարահանված «Սովետական Հայաստան» հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը:

1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը», որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց: Հայկական կինոյի առավել նշանակալի երևույթը դարձավ 1931 թվականին նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան: 1935 թվականին նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպո»-ն, որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում: 1930-ական թվականների վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմա-հեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում: Այսպես՝ «Կարո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները», «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը և արժանացել են հանդիսատեսի համակրանքին:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի շատ կինոգործիչներ մեկնելով ռազմաճակատ՝ հատուկ խմբերում ստեղծեցին մարտական կինոհրապարակախոսության նմուշներ: Այդ տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Դավիթ Բեկ» պատմական ֆիլմը: 1950-ական թվականների կեսերից հայկական կինոյի առջև նոր հրամայականներ են ծառանում լուծելու գաղափարական-գեղարվեստական խնդիրներ: Ոգևորվելով ակտիվ հեղափոխական Կամոյի կերպարով՝ ռեժիսորներ Ստեփան Կևորկովը և Էրազմ Մելիք-Քարամյանը որոշում են ստեղծել պատմա-հեղափոխական վիպական ֆիլմեր: 1956 թվականին ստեղծվում է առաջին ֆիլմը՝ «Անձամբ ճանաչում եմ», իսկ երկրորդը՝ «Արտակարգ հանձնարարություն» ֆիլմը ստեղծվում է 1965 թվականին:

«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը» և «Առաջին սիրո երգը»  երաժշտական ֆիլմերը: Այնուհետև նկարահանվում են «Նվագախմբի տղաները», «Տժվժիկը», «Բարև, ես եմ», «Եռանկյունի» և այլ ֆիլմեր:

Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թվականի օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը Հ. Բեկ-Նազարյանի անվան Երևանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման:

Աղբյուր՝ Վիքիպեդիա

© 2019. All rights reserved | Powered by develoop.am